Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված անվանակոչվեց Շառլ Ազնավուրի անունով
Մայիսի 22-ին Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված անվանակոչվեց Շառլ Ազնավուրի անունով։ Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը, դուստր Կատյա Ազնավուրը, ընտանիքի այլ անդամներ, ֆրանսիացի արտիստներ և հասարակական գործիչներ։
«Շառլ Ազնավուր՝ ֆրանսիացի արտիստ և Հայաստանի ազգային հերոս»՝ այսպիսի ցուցանակով այգին այսուհետ կընդունի այցելուներին։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում ընդգծեց, որ շուտով այդ այգում կտեղադրվի նաև Շառլ Ազնավուրի արձանը։
Ի նշան երախտագիտության՝ քաղաքապետ Իդալգոյին հանձնվեց Շառլ Ազնավուրի և ARARAT հայկական կոնյակի համագործակցությամբ ստեղծված «ARARAT Charles Aznavour Signature Blend» սահմանափակ թողարկման կոնյակ: