Հումանիտար օգնության հերթական խմբաքանակը ժամանեց Հայաստան
Այսօր «Ազնավուր» հիմնադրամն ընդունել է շուրջ 105 տոննա մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած բնակչության համար:
Օգնության այս նոր խմբաքանակը եւս Հայաստան է ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Ճգնաժամային աջակցության կենտրոնի» աջակցությամբ՝ ծովային ճանապարհով, այնուհետեւ ցամաքային ճանապարհով փոխադրվել Երեւան: Հումանիտար բեռի մաքսազերծումը տեղում իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան: Օգնության այս խմբաքանակը ներառում է բժշկական պարագաներ, մասնավորապես՝ ֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, ինչպես նաեւ հագուստ եւ հիգիենայի պարագաներ:
Ընդհանուր առմամբ, իր հումանիտար ծրագրի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամի եւ վերջինիս շուրջ համախմբված գործընկեր կազմակերպությունների միջոցով Ֆրանիսայում եւ Շվեյցարիայում գտնվող 19 ընդունման կետերում հավաքագրվել է ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն: Այս աննախադեպ մոբիլիզացիան հնարավոր է դարձել ավելի քան 50 կազմակերպությունների եւ 100 նվիրատուների միասնության, համերաշխության եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հավաքագրված բեռի առաջին խմբաքանակը՝ 70 տոննա, Հայաստան էր ուղարկվել նոյեմբերից հունվարի ամիսներին՝ հատուկ չվերթներով:
«Ազնավուր» հիմնադրամը համակարգում է բեռի նախնական պահեստավորումը եւ հետագա բաշխումը Հայաստանում: Նոյեմբեր, դեկտեմբեր եւ հունվար ամիսներին ուղարկված օգնության մի մասն ուղղակիորեն փոխանցվել է Հայաստանում բեռի վերջնական հասցեատեր կազմակերպություններին, մյուս մասն «Ազնավուր» հիմնադրամի կողմից բաժանվել է տուժած բնակչությանը: Մինչեւ օրս (2021 թ. մարտի 18) Հայաստանի եւ Արցախի տարբեր մարզերում ապաստանած արցախցի ընտանիքների հետ աշխատող ավելի քան 20 տեղական կազմակերպությունների եւ մասնավոր նախաձեռնությունների միջոցով Հիմնադրամը 15.663 փախստականի ապահովել է առաջին անհրաժեշտության իրերով (հագուստ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ):
Պատերազմի առաջին օրերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնացրել էր իր բոլոր ռեսուրսներն ու կարողությունները՝ հազարավոր ընտանիքների նպատակային օգնություն ցուցաբերելու համար: Հիմնադրամն արդեն հասցրել է Արցախում եւ Հայաստանում գտնվող` պատերազմից տուժած բնակչությանը տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ՝ սնունդ, հագուստ, հիգիենայի միջոցներ։ Մեծ կարեւորություն է տրվել նաեւ առողջապահության համակարգին թիրախային աջակցություն տրամարդելուն. մասնավորապես՝ 35 հիվանդանոցներ ստացել են բժշկական սարքավորումներ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 200+ վերականգնողական պարագաներ (անվասայլակներ, քայլակներ, հենակներ), 200+ բժշկական մահճակալ, 135.000 պաշտպանիչ դիմակ (K95), ինչպես նաեւ առաջին բժշկական օգնության 1000 փաթեթ՝ քաղաքացիական անվտանգության ապահովման համար: