Aznavour Foundation Newsfeed AM

Ռալֆ Յիրիկյանի և Հայկ Դեմոյանի նվիրատվությունը «Շառլ Ազնավուր» հավաքածուին

Տարիներ առաջ Շառլ Ազնավուրն իր բոլոր պարգևները, ոսկե և պլատինե ձայնասկավառակները, նամակներն ու այլ անձնական իրեր նվիրաբերել էր «Ազնավուր» հիմնադրամին ապագայում ստեղծվելիք թանգարանի համար։ Այդուհետ Հիմնադրամը շարունակաբար համալրում է այդ հավաքածուն՝ ձեռք բերելով կամ որպես նվիրատվություն ստանալով արժեքավոր այլ իրեր:

Պատմաբան Հայկ Դեմոյանը, ով Շառլ Ազնավուրի արվեստի մեծ սիրահար է, տարիներ շարունակ մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող աճուրդների՝ ձեռք բերելով մեծանուն արտիստին վերաբերող արժեքավոր նյութեր։ Նրա ձեռքբերումների թվում են ձայնապնակներ, կինոպաստառներ, լուսանկարներ, ամսագրեր, նամականիշներ և այլ նյութեր, որոնք ժամանակի ընթացքում ձևավորել են բացառիկ մի հավաքածու։ Այս բոլոր նյութերի ձեռքբերումը հնարավոր է դարձել գործարար և բարերար Ռալֆ Յիրիկյանի ֆինանսական աջակցությամբ։

2025 թվականի հուլիսի 17-ին Հայկ Դեմոյանը «Ազնավուր» հիմնադրամին նվիրաբերեց այդ բացառիկ հավաքածուն, որն ընդգրկում է Շառլ Ազնավուրի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ավելի քան 300 միավոր նյութ։ Նվիրաբերված նյութերը կդառնան ապագա «Ազնավուր» կենտրոնի ցուցադրության մաս՝ համալրելով թանգարանային արժեքավոր հավաքածուն։
2025-12-02 06:36