Ազնավուր կենտրոն

Ինտերակտիվ թանգարան և մշակութային կենտրոն

«Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է, որտեղ կգործեն լեգենդար արվեստագետի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը, ինչպես նաև եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

«Ազնավուր» կենտրոնի հայեցակարգը 

Սենյակ 1

Սկիզբ

Ազնավուրի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հայ ընտանիքների ճակատագիրը ներկայացվելու է տեսապրոյեկցիայի միջոցով, ավազային խորհրդանշական անիմացիայի ձեւով:


Սենյակ 2

Ժամանում և տոհմածառ

Երկրորդ սենյակ մտնելով՝ այցելուն հայտնվելու է Սալոնիկից Մարսել գնացող նավի վրա. սա Քնարի, Մամիկոնի և Աիդայի՝ Ազնավուրի ծնողների և քրոջ ճամփորդությունն է դեպի Ֆրանսիա:


Սենյակ 3

Փարիզի առաջին բնակարանն ու ստեղծագործական մանկությունը

Սենյակում վերստեղծվելու է Ազնավուրի ընտանիքի՝ Փարիզի առաջին բնակարանի միջավայրը: Այստեղ անիմացիոն լուծումներով ցուցադրվելու են մանկության, առաջին համերգների լուսանկարներ և բեմական հանդերձանքը:


Սենյակ 4

Երաժշտական կարիերայի վաղ շրջան

Սենյակում ներկայացվելու են Ազնավուրի առաջին դաշնամուրը, Ֆրենկ Սինատրայից, Էդիթ Պիաֆից և այլ ազդեցիկ արվեստագետներից ստացած անձնական նամակները: Ցուցադրվելու են նաև կարիերայի սկիզբը ներկայացնող լուսանկարներ ու տեսագրություններ:


Սենյակ 5

Ֆիլմադարան

Այս սենյակում մի քանի մոնիտորներ այցելուներին հնարավորություն են տալու տարբեր ֆիլմերից հատվածներ դիտել՝ ավելի լավ բացահայտելով Ազնավուրին որպես դերասանի:

Շառլ Ազնավուրը նկարահանվել է շուրջ 80 ֆիլմում մեծագույն ռեժիսորների և դերասանների հետ:


Սենյակ 6

Ձայնագրման ստուդիա և ձայնադարան

Այստեղ գործելու է տեխնիկապես ամբողջովին համալրված ձայնագրման ստուդիա:

iPad-ներում ներդրված հատուկ ծրագիրը թույլ է տալու այցելուներին երաժշտական միքսեր ստանալ Ազնավուրի երգերից և տեղում էլ լսել ստացված արդյունքը:

Ստուդիայում անցկացվելու են նաև երաժշտության հատուկ ինտերակտիվ դասընթացներ:

Այստեղ լինելու են Ազնավուրի բոլոր ոսկե ձայնագրությունները, ինչպես նաև մյուս բոլոր ձայնագրությունները՝ տարբեր ֆորմատներում (LP-ներ, ձայներիզներ, CD-ներ):


Սենյակ 7

Համաշխարհային հյուրախաղեր և միջազգային ճանաչում

Մի քանի մոնիտորներից կազմված հատուկ ինստալացիան ցուցադրելու է համաշխարհային հյուրախաղերի ամենատպավորիչ հատվածները, ինչպես նաև Ազնավուրի միջազգային ճանաչումը ներկայացնող տեսագրություններ:

Հյուրախաղեր ԽՍՀՄ-ում, Ճապոնիայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ավստրալիայում:


Սենյակ 8

Մարդասիրական գործունեություն

1988-ի սարսափելի երկրաշարժից հետո Ազնավուրը բազմաթիվ արտիստների օգնությամբ ու մասնակցությամբ ձայնագրեց “Pour toi Arménie” («Քեզ համար, Հայաստան») երգը: Այդ ժամանակվանից մինչև օրս էլ Մաեստրոն շարունակում է իր մարդասիրական ու բարեգործական գործունեությունը Հայաստանում և աշխարհում:


Սենյակ 9

Կուլիսներում

Հայելային մոնիտոր է տեղադրվելու, որում տեսագրություն է ցուցադրվելու, թե ինչպես է Ազնավուրը երգելով պատրաստվում իր հերթական ելույթին:


Սենյակ 10

Համերգային դահլիճ

Այցելուները հայտնվելու են 3D ձևաչափով վերստեղծված համերգային դահլիճում, որտեղ կենդանի համերգի հանդիսատես են դառնալու: