Aznavour Foundation Newsfeed AM

«Ազնավուրը Կասպարյանի աչքերով» ցուցահանդես Փարիզում

Հուլիսի 18-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում բացվել է ֆրանսահայ մեծանուն լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի՝ «ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ» ցուցահանդեսը։

Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նախընթաց Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանը, համագործակցելով Լիդիա Կասպարյանի և «Ազնավուր» հիմնադրամի հետ, ներկայացնում է նախկինում չհրապարակված լուսանկարների բացառիկ ցուցադրություն։

Ներկայացված շուրջ հարյուր լուսանկարների հեղինակը ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանն է, ով իր օբյեկտիվում հավերժացրել է 1960-ականներին Ֆրանսիայում և աշխարհում մեծ հռչակ վայելող մեծանուն շատ արտիստների ու գործիչների՝ «The Beatles», Բրել, Գենսբուր, Հալիդեյ, «The Rolling Stones» և այլք:​​​​​​​
«1960 թվականին Փարիզի «Ալհամբրա» սրահում կայացած հայտնի համերգի ժամանակ Կասպարյանն առաջին անգամ հնարավորություն ունեցավ լուսանկարելու հորս։ Այդուհետ, շնորհիվ սուր աչքի և տեխնիկական վարպետության, նա կարողացավ յուրօրինակ ձևով հավերժացնել Ազնավուրի կյանքի և կարիերայի բազմաթիվ այլ առանցքային պահեր։ Սև ու սպիտակ, թե գունավոր՝ յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն է պատմում, փոխանցում մի հույզ, վավերագրում ճշմարտությունը: Թույլ տվեք ձեզ զգալ այդ լուսանկարների հավերժական գեղեցկությունը և ընկղմվել Շառլ Ազնավուրի տիեզերքում՝ շնորհիվ Ռոժե Կասպարյանի տաղանդավոր աչքի»
- ցուցադրության մասին խոսելով՝ նշում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։
«Ազնավուրը Կասպարյանի աչքերով» ցուցահանդեսը հարգանքի տուրք է մատուցում մեծ արտիստին ու ներկայացնում նրա կյանքի պատմության կարևոր շատ դրվագներ: Իսկ Ազնավուրի կենսագրությունը սերտորեն կապված է Փարիզի 9-րդ թաղամասի և հատկապես Նավարեն փողոցի հետ, որտեղ ապրում էր իր ընտանիքը: Ազնավուրը նաև հայ ինքնության դեսպանն էր ու ամուր թելերով կապված էր հայրենիքին, ինչը ևս կարող ենք վերաբացահայտել ցուցադրված լուսանկարների շարքի միջոցով:

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև սեպտեմբերի 17-ը։

Մուտքն ազատ է:

Հասցե՝ Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարան (Դրուոյի փող. 6)