2022 թ. մայիսի 30-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը։ Այս ծրագիրը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Վառնայի ներկայացուցչության միջև համագործակցության շնորհիվ։ Երկու կողմերի համատեղ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ազնավուր ընտանիքի գործուն մասնակցության արդյունքում Ազնավուրի հուշարձանի տեղադրումն իրականություն դարձավ մեկ տարվա ընթացքում։
««Ազնավուր» հիմնադրամը ողջունում և աջակցում է նախաձեռնություններին, որոնք հավերժացնում են լեգենդար արտիստի մշակութային ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցում նրան։ Ի թիվս այս նպատակին ուղղված այլ ծրագրերի՝ Հիմնադրամը նախաձեռնել է նաև Շառլ Ազնավուրի հուշարձանները աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրելու նախագիծ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների և այլ աջակիցների հետ։
Շառլ Ազնավուրի հուշարձանը Վառնայում տեղադրելու առաջարկով հանդես են եկել ՀԲԸՄ Վառնայի մեր գործընկերները, ինչն էլ հանգեցրել է այս հիանալի իրադարձությանը։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀԲԸՄ Վառնային, Բուլղարիայում Հայաստանի դեսպանությանը, տեղական իշխանություններին և այս գեղեցիկ քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ արձանի տեղադրումը ջերմորեն ընդունելու համար։ Հույս ունենք, որ Շառլ Ազնավուրի հուշարձանը կդառնա Վառնայի սիրված ու անբաժանելի մասը»
- ասել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։