Aznavour Foundation Newsfeed AM

Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքում պաշտոնապես բացվել է Espace Charles Aznavour սրահը

1992 թվականի հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքում պաշտոնապես բացվեց Espace Charles Aznavour մշակութային համալիրը։

Բացման արարողությանը ներկա էին Շառլ Ազնավուրը, Աիդա Ազնավուր-Կառվարենցը, բազմաթիվ նշանավոր հյուրեր։ Մշակութային համալիրը, ինչպես նաև վերջինիս գլխավոր համերգասրահն անվանակոչվել էին Շառլ Ազնավուրի անունով։ Մեկ այլ մեծ դահլիճ ստացել էր ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր, Աիդա Ազնավուրի ամուսնու՝ Ժորժ Կառվարենցի անունը։

Երեք տասնամյակ շարունակ այս համալիրը մնացել է համայնքային բոլոր կարևոր իրադարձությունների անցկացման վայրն ու քաղաքաբնակների սիրելի հասցեն:

2022 թվականի հոկտեմբերի 14-ին Espace Charles Aznavour-ը կրկին բացեց իր դռները ամբողջական վերանորոգումից և արդիականացումից հետո: Վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, բարձրաստիճան պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում Նիկոլա Ազնավուրը ողջունեց միջոցառման կազմակերպիչներին և «Ազնավուր» հիմնադրամի անունից շնորհակալություն հայտնեց համալիրի արդիականացման գործում ներգրավված բոլոր կողմերին։

Համալիրի ամբողջական վերանորոգումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի կառավարության, Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդի, Վալ-դ’Ուազ դեպարտամենտի խորհրդի, Roissy Pays de France համայնքի ջանքերի շնորհիվ։