Aznavour Foundation Newsfeed AM

«Ազնավուր» հիմնադրամի հայտարարությունը՝ Արցախում էսկալացիայի վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը հրթիռահրետանային զանգվածային հարվածներ է հասցրել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Հրաձգության տակ են հայտնվել նաև քաղաքացիական բնակավայրեր, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, 31 մարդ՝ զոհվել:

Ըստ հայկական կողմի պաշտոնական հայտարարությունների՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը պատերազմ չեն ցանկանում, բայց այդ պետությունները և նրանց ժողովուրդը պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը և նրա խաղաղ բնակչությանը թշնամու հարձակումներից:
«Որպես մարդ, որի նախնիները տեսել են Ցեղասպանություն, պատերազմ, աղքատություն և սով՝ ես գիտեմ խաղաղության գինը յուրաքանչյուր հայի համար: «Ազնավուր» հիմնադրամը խստորեն դատապարտում Է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Ես ուզում եմ դիմել միջազգային հանրությանը և հայտարարել, որ հենց այս պահին վտանգված են խաղաղ բնակչությունը, նրանց կյանքն ու ապագան: Վստահ եմ՝ ոչ ոք չի ցանկանում կորցնել իր սիրելիներին պատերազմում, և կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ոք բարձրացնի իր ձայնը՝ կանխելով հակամարտության հետագա սրումը»
- ընդգծում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:
«Ազնավուր» հիմնադրամը խնդրում է իր ընկերներին և հետևորդներին վստահել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին և խուսափել լրատվամիջոցներում ցանկացած տեսակի սադրանքներից: Խնդրում ենք տարածել այս տեղեկատվությունը, որպեսզի օգնեք մեզ հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: