Aznavour Foundation Newsfeed AM

«Երկլեզու դրամատիկական արվեստանոց» ծրագրի երկրորդ շրջանի մեկնարկ

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» ծրագրի երկրորդ շրջանի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։

Այս շրջանի համար ընտրվել է 30 մասնակից՝ պրոֆեսիոնալ եւ նորավարտ արտիստներ, որոնցից 20-ը Երեւանից են, իսկ 10-ը՝ Գյումրուց։ 2022 թ. հոկտեմբեր - 2023 թ. ապրիլ ամիսների ընթացքում հայ երիտասարդ արտիստների հետ աշխատելու համար Հայաստան կժամանեն թատրոնի և կինոյի ոլորտի անվանի արվեստագետներ: Հրավիրված յուրաքանչյուր մասնագետ կաշխատի մեկ շաբաթ Երեւանում եւ մեկ շաբաթ՝ Գյումրիում։

Ծրագրի ավարտին՝ ապրիլ ամսին, հնգամսյա աշխատանքի արդյունքները բեմադրության տեսքով կսինթեզի Բելգիայից հրավիրված բեմադրիչ Միշել Բեռնարը: Բեմադրությունը նախատեսվում է ներկայացնել Ֆրանսիայում եւ Բելգիայում։ Առանձնակի հաջողություններ գրանցած ուսանողները այս տարի նույնպես նախագծի ավարտին հնարավորություն կունենան պրակտիկա անցնելու Փարիզի JLMB ստուդիայում։

Այս տարի նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, «Ազնավուր» հիմնադրամի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF), Իլ դը Ֆրանս շրջանի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «SPFA» ընկերության, «KASA», «Miassine» հիմնադրամների, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: