Aznavour Foundation Newsfeed AM

Վերականգնողական կենտրոնի բացում Վանաձորում

Մարտի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ նոր՝ վերականգնողական բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Լոռու մարզի և Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Բաժանմունքի պաշտոնական բացմանը կարմիր ժապավենը կտրելու արարողությանը մասնակցեցին Նիկոլա Ազնավուրը և Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը։
2020 թվականին Արցախում տեղի ունեցած լայնածավալ պատերազմի արդյունքում հազարավոր երիտասարդներ ստացան ծանր վիրավորումներ և մինչև օրս ունեն բուժման ու կյանքի որակը բարելավելու կարիք։ Պատերազմի ընթացքում կիրառված զինատեսակները (այդ թվում՝ արգելված) ուղեղի, ողնաշարի և այլ լրջագույն վնասվածքներ են հասցրել, որոնք պահանջում են ֆիզիկական և հոգեբանական երկարատև վերականգնում: Այս ամենը հաշվի առնելով՝ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնեց իր «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագիրը՝ այն իրագործելով Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ, որ հանդես է եկել 205,000 եվրո ներդրմամբ՝ որպես Հայաստանին Ֆրանսիայի կառավարության տրամադրած մարդասիրական մեծածավալ օգնության մի մաս։ Ծրագրի նպատակն էր թիրախավորել միանգամից մի քանի խնդիր՝ հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժման հնարավորություն ստեղծելով շահառուների լայն խմբի համար։

Ծրագրի շրջանակում ստեղծվել է Լոռու մարզում և հարակից համայքներում գոյություն չունեցող վերականգնողական մեծ բաժանմունք, որը կգործի Վանաձորի բժշկական կենտրոնում։ Ծառայությունների լավագույն որակի ապահովման նպատակով բաժանմունքին տրամադրվել է տասներկու միավոր վերականգնողական սարքավորում, որոնք ֆունկցիոնալ և որակային ցուցիչներով համապատասխանում են միջազգային ամենաբարձր ստանդարտներին։

Բացի նշվածից, ծրագրի շրջանակում տեղացի մասնագետները հնարավորություն են ստացել վերապատրաստվել ֆրանսիացի փորձառու բժիշկների կողմից։ Ֆիզիկական վերականգնման և հոգեբանական աջակցության տրամադրման ոլորտում նոր գիտելիքներ ստացած նման մասնագետների թիվն այս պահին 14 է։ ֆրանսիացի վերապատրաստող բժիշկների ևս երկու խումբ կժամանի Վանաձոր մայիսին։

Ծրագրի ընթացքում Ֆրանսիայից հրավիրված մասնագետների կողմից աշխատանք է տարվել նաև պատերազմի ընթացքում հարազատներ կորցրած շուրջ 120 անձի հետ. նրանք խորհրդատվական հանդիպում-քննարկումներ են ունեցել հետտրավմատիկ սթրեսային խանգարման կանխարգելման և հաղթահարման թեմայով։

Լոռու մարզում այս բաժանմունքի ստեղծումը հնարավորություն կտա նաև թեթևացնել Երևանում և Գյումրիում գործող նմանօրինակ կենտրոնների աշխատանքը, ինչպես նաև կհեշտացնի հեռավոր մարզերից մայրաքաղաք մեկնողների հոգսը։

Կենտրոնն արդեն իսկ ծառայում է Արցախյան պատերազմից տուժած մեր հայրենակիցներին և վերականգնողական բուժման կարիք ունեցող այլ պացիենտների, սակայն պաշտոնական բացման արարողությունից և իրազեկման արշավից հետո այն էլ ավելի մեծ ծավալի օգնություն կհասցնի իր շահառուներին։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։ Ծրագրի մյուս գործընկերն են ՀՀ առողջապահության նախարարությունը և Վանաձորի բժշկական կենտրոնը։​​​​​​​