Aznavour Foundation Newsfeed AM

«Ազնավուր» սենյակի բացումը

Երևանի սրտում գտնվող «Երևան» հյուրանոցը մշտապես հյուրընկալել է Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, հայտնի արվեստագետների և արտիստների: Հայաստան իր այցերի ընթացքում մեծանուն արտիստ, բարերար և դիվանագետ Շառլ Ազնավուրը ևս նախընտրում էր իր երևանյան հանգիստն անցկացնել հենց այս հյուրանոցում։

Հյուրանոցը նաև հայտնի է եղել մշտական բնակիչներ ունենալու իր ավանդույթով:

1920-30-ական թվականներին այստեղ ապրել և ստեղծագործել են հայ մշակույթի, գիտության ամենանշանավոր ներկայացուցիչներ Ե. Չարենցը, Ե. Քոչարը, Ա. Իսահակյանը, Ա. Բակունցը և այլք: Այս անվանի հայ գործիչների անունները հյուրանոցի ներսում հավերժացնելու համար «Գրանդ Հոթել Երևանը» նախաձեռնեց իր սենյակները անվանակոչելու խորհրդանշական նախագիծը, որի արդյունքում, 2016 թվականից սկսած, հյուրանոցում գործում են Ե. Չարենցի և Ե. Քոչարի անուններով կոչված բարձր դասի լյուքս համարները:

Հոկտեմբերի 15-ից հյուրանոցում պաշտոնապես բացվեց «Ազնավուր» սենյակը, որի համար վերափոխվել է Նախագահական կարգի ընդարձակ սենյակը։ Համարում այցելուները կարող են տեսնել Շառլ Ազնավուրի գրքերը, լսել նրա երաժշտությունը և նույնիսկ ծանոթանալ մի խորհրդանշական անձնական իրի հետ, որը ցուցադրված է այդ սենյակում։

Այս համարի անվանակոչությունը հնարավոր դարձավ «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ուրախ ենք նաև հայտնել, որ «Գրանդ Հոթել Երևանը» համալրել է Հիմնադրամի աջակից գործընկերների շարքը։