Aznavour Foundation Newsfeed AM

Հումանիտար օգնության ծավալուն ծրագիր արցախահայությանը

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սարձազերծած ռազմական ագրեսիան հանգեցրեց արցախահայության բռնի տեղահանմանը Արցախից: Տուժած հայրենակիցներին աջակցելու նպատակով «Ազնավուր» հիմնադրամը կարճ ժամանակահատվածում նախաձեռնեց հումանիտար օգնության ծավալուն ծրագիր:

Պետական կառույցների կողմից տրամադրված տվյալների հավաքագրումից և մանրակրկիտ մշակումից հետո մենք կազմեցինք շահառուների համապարփակ ցանկ՝ ներառելով 0-ից 35 ամսական 800 երեխա:

«Ազնավուր» հիմնադրամի թիմի համակարգմամբ աշխատող կամավորական խմբերի օգնությամբ կազմվեց 800 անհատական փաթեթ (մանկական սնունդ՝ նպարեղեն և կաթնախառնուրդ, տակդիր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է շահառու մեկ երեխայի կարիքները 5 ամսվա ընթացքում բավարարելու համար:

Փաթեթներն այնուհետև առաքվեցին 9 ընտրված քաղաքների բաշխիչ կետեր՝ Ստեփանավան, Վանաձոր, Նաիրի (Եղվարդ), Երևան, Արտաշատ, Վեդի, Արարատ, Հրազդան և Չարենցավան, որտեղից էլ շահառուները կարողացան դրանք ստանալ:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Բյուլուկյան» հիմնադրամին, «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիային, «Վեոլիա» հիմնադրամին և Երուսաղեմի Սուրբ Ղազարի միաբանությանը՝ նախագծում իրենց առատաձեռն ներդրման համար։ Շնորհակալ ենք նաև «SPFA» կազմակերպությանը բաշխման գործում իր անգնահատելի աջակցության համար, ինչպես նաև կամավորներին ու այլ գործընկերների, ովքեր նպաստել են առաքելության հաջող ընթացքին: