Aznavour Foundation Newsfeed AM

Հուշատախտակ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ արտիստի և հումանիստի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բյուրքլիի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ։

Ազնավուրյանների ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Նավարեն 22 փողոցում և իրենց բնակարանում պատսպարել Մելինե և Միսաք Մանուշյաններին, ինչպես նաև Դիմադրության այլ մարտիկների:

Շառլ Ազնավուրն անչափ լավ գիտեր թաղամասի յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր անկյուն իր համար թանկ էր այստեղ: Իր ողջ կյանքի ընթացքում նա խորապես կապված էր 9-րդ թաղամասի հետ՝ Նավարեն փողոցում ապրելու տարիներից մինչև Օլիմպիա համերգասրահում փառահեղ ելույթների և Ռոսինի փողոցում տեղակայված իր գրասենյակների ժամանակներ։ Սա մի վայր է, որտեղ Ազնավուրն իրեն տանն էր զգում։