2020 թվականի գալուստն առավել հաջողակ էր Մալխասյանների 9 անձից բաղկացած ընտանիքի համար։ Տասնյակ տարիներ տնակում բնակվող այս բազմանդամ ընտանիքն օրեր առաջ «Ազնավուր» հիմնադրամի կողմից ստացավ իր տան սեփականության վկայականն ու բանալին։ Ընտանիքն այսուհետ կապրի ընդարձակ կացարանում՝ ետևում թողնելով երկրաշարժի և դրա հետևանքով կորցրած տան մասին ծանր հիշողությունները։
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան և հումանիտար օգնություն հասցրեց աղետից տուժածներին։ Հաջորդող տարիների ընթացքում նա շարունակեց աջակցությունը Հայաստանին իր կողմից ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի միջոցով։ Այնուհետև իր որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ նրանք հիմնեցին «Ազնավուր» հիմնադրամը՝ շարունակելու 88-ին սկսած նախաձեռնությունները և նոր ծրագրեր իրականացնելու։
2018 թվականից սկսած՝ «Ազնավուր» հիմնադրամն սկսեց Գյումրիում իրականացնել դեռևս ժամանակավոր տնակներում ապրող ընտանիքների վերաբնակեցման սոցիալական ծրագիր՝ արժանապատիվ կացարաններով ապահովելով շուրջ հարյուր մարդու։ Ծրագրի իրագործմանն իրենց աջակցությունը բերեցին հայ և օտարազգի բազմաթիվ նվիրատուներ, որոնք այդպիսով միացան Շառլ Ազնավուրի առաքելությանը։
Մալխասյանների ընտանիքի վերաբնակեցումն էլ հնարավոր դարձավ հավատարիմ աջակիցներից մեկի՝ բարերար Լուսինե Պոլոնսկայայի շնորհիվ։
«Ազնավուր» հիմնադրամը շարունակելու է իրականացնել սոցիալական և այլ ծրագրեր՝ միտված խրախուսելու երիտասարդներին ապրել սեփական երկրում ու աշխատել հանուն դրա բարեկեցության։