Շառլ Ազնավուրի թանգարան
Կարգավիճակ՝ Ընթացիկ
Մշակութային ծրագրիր
«Ազնավուր» կենտրոնի ստեղծումը խոշոր նախագիծ է, որի վրա անձամբ Շառլ Ազնավուրն է աշխատել իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նրա անմիջական ուղղորդմամբ են ստեղծվել և հաստատվել բովանդակային հայեցակարգը, ճարտարապետական ու սցենոգրաֆիկ լուծումները։ Ազնավուրն անգամ ձայնագրել է աուդիոգիդ, որի միջոցով այցելուներին հենց ինքը ներկայացնի իր կյանքի պատմությունը և կուղեկցի թանգարանային ողջ շրջայցի ընթացքում։
«Ազնավուր» կենտրոնում է տեղակայված լինելու Շառլ Ազնավուրի կյանքն ու գործունեությունը ներկայացնող գերժամանակակից, տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով հագեցած թանգարանը։ Այստեղ է գործելու նաև կրթամշակութային նորարարական կենտրոն, որտեղ ծրագրեր են իրականացվելու կինոյի, երաժշտության և ֆրանսերենի ուսուցման բնագավառներում: Ըստ Հիմնադրամի և Ֆրանսիայի կառավարության միջև կնքված համաձայնագրի՝ կենտրոնում է գործելու նաև «Ֆրանսիական ինստիտուտի» (Institut français) հայաստանյան մասնաճյուղը:
«Ազնավուր» կենտրոնի նախագծի շուրջ մոբիլիզացվել են տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ, որոնց ջանքերի շնորհիվ եզակի այս կենտրոնը կդառնա բազմաթիվ մարդկանց սիրելի վայրը։
Շառլ Ազնավուրի կյանքի ուղին ներկայացնող մուլտիմեդիա թանգարանը ոգեշնչման աղբյուր կդառնա, իսկ կրթական կենտրոնը և Ֆրանսիական ինստիտուտը գործիքակազմ կտրամադրեն երազանքներին հասնելու համար:
Թանգարան
«Ազնավուր» կենտրոնի թանգարանային հատվածում այցելուները կկարողանան բացահայտել արտիստի կյանքը՝ իր իսկ կողմից ձայնագրված աուդիոգիդի շնորհիվ։

Նրանք հնարավորություն կունենան Ազնավուրի՝ ցեղասպանությունից փրկվող ծնողների հետ հատելու ծովը, այնուհետ կհայտնվեն Մըսյո լը Պղենս փողոցում գտնվող՝ Ազնավուրյանների առաջին փարիզյան բնակարանում: Շրջայցի ընթացքում թանգարանի հյուրերը կբացահայտեն Ազնավուրի ստեղծագործական կյանքի տարբեր ոլորտներն ու դրսևորումները, կկարողանան անգամ երգ ձայնագրել «Բարկլեյ» ստուդիայում և ներկա գտնվել Շառլ Ազնավուրի համերգին Փարիզում՝ լեգենդար «Օլիմպիա» սրահում։
Մուլտիմեդիա տեխնոլոգիաները և համակարգչային անիմացիան՝ համակցված բացառիկ ցուցանմուշների հետ, վառ ու ինտերակտիվ փորձառություն կապահովեն այլցելուների համար:

Մշակութային եվ կրթական կենտրոն
«Ազնավուր» կենտրոնը այցելուներին կառաջարկի նաև մշակութային և կրթական գործունեության շատ լայն շրջանակ երաժշտության, կինոյի և ֆրանսիական մշակույթի ոլորտներում:
Երաժշտություն
Երաժշտության դասեր, որոնք գործնական փորձառության հնարավորություն կընձեռեն ձայնագրման ստուդիայում, ինչպես նաև՝ Կենտրոնի դահլիճի բեմում հանդես գալու հնարավորություն։

Կինո
Կինոյի ոլորտի միջազգային փորձագետները կդասավանդեն կինոյի, թատրոնի և պրոդյուսինգի մասնագիտական նրբությունները: Այս դասերը կներառեն կինոդիտումներ դահլիճում, ներառյալ՝ Շառլ Ազնավուրի ֆիլմադարանից (նա խաղացել է շուրջ 90 ֆիլմում):

Ֆրանսերեն և ֆրանսիական մշակույթ
Ֆրանսիական մշակույթն ու արվեստը բացահայտելու և ֆրանսերենը յուրացնելու համար հատուկ ձեռնարկներ կկազմվեն, որ կներառեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Բացի այդ, Կենտրոնը կգործի նաև Ֆրանսիական ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչությունը (պաշտոնապես ստեղծված 2022 թ.)՝ առաջարկելով ֆրանսերենի դասընթացներ, հավաստագրող քննություններ և ընդգրկուն մեդիագրադարան:
Միացե՛ք մեր առաքելությանը:
կամ կապվեք մեզ հետ
ԱՋԱԿՑԵՔ
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ