Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիստների վերահսկողության տակ հայտնված Փարիզում Ազնավուրների ընտանիքը գաղտնի օպերացիա էր ծավալել՝ փորձելով փրկել հրեաներին և այն հայերին, որոնք իրենց կամքին հակառակ հայտնվել էին գերմանական բանակում:
Հենց այդ օրերին Միշա Ազնավուրը՝ Շառլի հայրը, սկսել էր վտանգավոր աշխատանք տանել գերմանական բանակի հայ «կամավորների» հետ։ Նախ նա առօրյա զրույցի ու կատակների միջոցով համոզվում էր, որ նրանք հայ են. խնդրում էր երգել, պատմել հայրենի գյուղերի մասին և այդպես կարողանում էր հստակ տարբերել՝ զինվորները հայերենը սովորել են ի ծնե, թե այն դպրոցներում, որտեղ ֆաշիստները գործակալների էին պատրաստում։ Ընդ որում, նա դա անում էր «Րաֆֆի» ռեստորանում, որտեղ այդ պահին աշխատում էր և ընթացքում սպասարկում հարևան սեղանին նստած գերմանացի սպաներին։
«Քննությունն» ավարտելուց հետո Միշան հայ զինվորներին հասկացնում էր, որ կարող է օգնել նրանց փախչել։ Տղաները շատ շուտ համաձայնում էին, և Միշան հանդիպում էր նրանց ռեստորանը փակելուց հետո մի ապահով վայրում, ապա բերում տուն։
Այդպիսի զինվորներից էր Սուրեն Կոջոյանը՝ Խորհրդային բանակին միացած երիտասարդ հայ լեյտենանտը, որը 1942 թվականին ստացել էր ծանր վիրավորում և գերեվարվել գերմանացիների կողմից, ապա հայտնվել Համակենտրոնացման ճամբարում:
Արդեն ճամբարում նրան առաջարկել էին միանալ ֆաշիստական բանակի հայկական լեգիոնին և այդպիսով փրկվել մահից: Գերմանական բանակի կազմում Կոջոյանը հասնում է Փարիզ, որտեղ այլ հայերից լսում է Միշա Ազնավուրի ու «Րաֆֆի» ռեստորանում նրա ծավալած գործունեության մասին:
Փարիզի կայարանից նա անմիջապես ուղևորվում է «Րաֆֆի» ռեստորան և այնտեղ հանդիպում Միշա Ազնավուրին: Զրուցակիցները գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերում և հրաժեշտ տալիս միմյանց: Արդեն Մելինե Մանուշյանը և նրա քույրը հանդիպում են Սուրենին նշված վայրում, երկու կողմից թևանցուկ լինում և խնդրում պարբերաբար բարձր ծիծաղել, որպեսզի տարօրինակ և կասկածելի չթվա նրանց հանդիպումը: Այդպես Կոջոյանը հայտնվում է Ազնավուրների տանը, որտեղ ամեն օր նոր փրկվածներ էին հավաքվում:
Հաջորդ օրն արդեն նա միանում է Դիմադրության շարժմանն ու տեղափոխվում հատուկ թաքստոց, որտեղից մասնակցում էր իրականացվող օպերացիաներին: Շաբաթներ անց, սակայն, գերմանացիները բացահայտում են այդ թաքստոցը և ձերբակալում նրան՝ տանելով Ֆրենի բանտ: Բանտից Կոջոյանը կարողանում է ազատվել միայն Ֆրանսիայի ազատագրումից հետո:
Ամիսներ անց Կոջոյանը վերադառնում է Փարիզ և այցելում Ազնավուրներին: Ընտանիքը դիմավորում է նրան մեծ զարմանքով, քանի որ բոլորը վստահ էին, որ թաքստոցի հայտնաբերման պահին Սուրենին սպանել են:
Երբ գալիս է Հայաստան վերադառնալու ժամը, Աիդա Ազնավուրը, ի նշան նրանց ընկերության, նվիրում է Սուրեն Կոջոյանին իր այս նկարը:
*Այս պատմությունը վկայությունն է այն բանի, թե ինչպես են Ազնավուրները, վտանգելով սեփական կյանքը, կարողացել տասնյակ կյանքեր փրկել:
Սուրեն Կոջոյանի մասին պատմությունն ու լուսանկարը մեզ է փոխանցել նրա թոռը` քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Պատերազմի մասին պապի թողած ձեռագրերի ու հիշողությունների հիման վրա Էդգարը պատրաստվում է գիրք հրատարակել: