Aznavour Foundation Newsfeed AM

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» արդիականացման ծրագիր. թիվ 1 մասնաշենքի վերաբացման միջոցառում

«Ազնավուր» հիմնադրամը, հույժ կարևորելով հոգեկան առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված ինստիտուցիոնալ ջանքերը, հանդիսանում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» արդիականացման ծրագրի գործընկերը։

ՀՀ կառավարությունը 2021 թ. մեկնարկել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» (ՀԱՊԱԿ) արդիականացման նախագիծը, որի ընթացքում մինչև օրս հիմնանորոգվել և վերազինվել է 3 մասնաշենք: Հիմնանորոգված մասնաշենքերի տեխնիկական հագեցումն ու կահավորումն իրականացվել են «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ 131 մլն դրամի չափով աջակցությամբ։

Մայիսի 6-ին ՀԱՊԱԿ-ում տեղի ունեցավ հոգեբուժական թիվ 1 մասնաշենքի վերաբացման միջոցառումը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց ունեցավ կենտրոնում՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀԱՊԱԿ-ի և «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթանալով իրականացված աշխատանքներին:

Շրջայցին հաջորդած ելույթների ժամանակ Հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանն իր խոսքում նշեց. «2023 թ. տեղի ունեցավ հիմնանորոգված և «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ ամբողջությամբ կահավորված խոհանոցային մասնաշենքի բացումը։ Այսօր ներկա ենք ծրագրի նոր՝ կարևոր փուլի ամփոփմանը. ուրախալի է արձանագրել, որ կենցաղային և բուժական պայմանների էական բարելավումը նպաստելու է բուժական գործընթացների արդյունավետության բարձրացմանը և բուժառուների առողջացման դրական դինամիկային»։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս ծրագրի իրականացմանը մեծապես նպաստած մեր գործընկերներին՝ «Ordre de Malte» ասոցիացիային, «SOS Արևելքի քրիստոնյաներ» ասոցիացիային, Ավագյան ընտանիքին և «Պիեռ Ֆաբր» հիմնադրամին: